Նոր մոդելը հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավված լինել հասարակական կյանքում. Ասատրյան
«Ի տարբերություն գործող օրենքի կարգավորումների, որը վերաբերում է միայն սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է նոր քաղաքականություն, որը ներդրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության ոլորտում»,-նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ այսօր տեղի ունեցած Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի խոսքերով՝ դա առաջին հերթին հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի և այլ անհրաժեշտ հավասար պայմանների ստեղծումն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները:
«Նոր մոդելն ավելի շատ մարդակենտրոն է և հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավված լինել հասարակական կյանքում»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը: