Գ. Մինասյան. Րաֆֆի Հովհաննիսյանը ֆանտաստիկ արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որ ժողովուրդը տվել էր նրան
Քաղաքական նպատակներին հասնել ոչ քաղաքական ճանապարհով դատապարտված է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին, որը կոչ է անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին և պահանջում իշխանությունների հրաժարականը։
«Նոր Հայաստան» ճակատի մաս են կազմում Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
Ըստ նրա, չկա որևէ մի երկիր, որտեղ իշխանափոխությունը խրախուսվի ոչ ընտրությունների ճանապարհով, քաղաքական դաշտը չի կարծում, որ իշխանափոխության հասնելու համար ընտրված փողոցային պայքարի ճանապարհը ճիշտ տարբերակն է:
Պատգամավորի խոսքով, նման շարժումները ցանկացած ժողովրդավարական երկրում անխուսափելի են: Նման շարժումները, ըստ Գ. Մինասյանի, կազմակերպում են մարգինալ ուժերը:
«Նման դրսևորումները ժողովրդավարական երկրների կյանքի բնականոն մասն են կազմում: Կան հստակ սահմանված չափանիշներ, որոնք օրենսդրորեն ամրագրված են և այդ դրույթներից ներս ցանկացած հանրահավաք, կոչ և այլն, նորմալ է, սակայն եթե խախտվում են այդ դրույթները, քաղաքական ուժերը, պետական համակարգը պետք է օրենքի շրջանակներում կատարեն քայլեր, որ հասարակությունը չտուժի»,- ասաց քաղաքական գործիչը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն քայլը, որ երեկ ցանկացել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ, Գ. Մինասյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչ էր, ով ֆանտաստիկ արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որ ժողովուրդը տվել էր նրան նախագահական ընտրություններում, գործիչ էր, ով քանդեց այն կուսակցությունը, որ ձեռք էր բերել հաջողություն և լիդերին պարգևել էր այդքան ձայներ: Այս պարագայում այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ պետք է դներ»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին սթափության կոչ է անում
- Սեֆիլյանը Փաշինյանին միանալու կոչ արեց
- «Ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան և տարածվել. Վլադիմիր Կարապետյան
- Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
- Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը