Դավիթ Հարությունյան. Գերագույն գլխավոր հրամանատարի հիմնական առաքելությունը երկրի բոլոր ուժերի մոբիլիզացումն է
«Գերագույն գլխավոր հրամանատարի հիմնական առաքելությունը երկրի բոլոր ուժերի մոբիլիզացումն է»,-«Ա1+»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով այն խնդրին, որ նոր սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը պատերազմական իրավիճակում զբաղեցնում է վարչապետը, այլ ոչ նախագահը, հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այսօր գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է: Ընդհանրապես, ի՞նչ է գերագույն գլխավոր հրամանատարը: Գերագույն գլխավոր հրամանատարի հիմնական առաքելությունը երկրի բոլոր ուժերի մոբիլիզացումն է: Եվ այն դեպքում, երբ, հանրապետության նախագահը չունի խորհրդարանական մեծամասնություն և խորհրդարանի քաղաքական վեկտորն այլ է՝ հակառակ է նախագահին, իրականում ունենալով նման պարտականություն նախագահը չունի համապատասխան իրավունքներ, որ այն կյանքի կոչի: Դրանով է պայմանավորված այն, որ մենք առաջարկում ենք բացարձակապես այլ մոդել՝ դա վարչապետն է լինելու: Նրա ձեռքում է կենտրոնացած գործադիր իշխանության ողջ լծակները և այդ տեսանկյունից նա կարող է մոբիլիզացնել երկիրը»,- նշել է Դ.Հարությունյանը և հավելել, որ ռազմական հարցերում՝ թե՛ ռազմավարական և թե՛ մարտավարական որոշումները կայացնում է Գլխավոր շտաբի պետը՝ ներկայացնելով երկրի ղեկավարությանը:
Դավիթ Հարությունյանը նաև ընդգծել է, որ այս մոդելը շատ մոտ է թե՛ իսրայելականին, թե՛ գերմանականին.«Երկուսն էլ հաջողված փորձ են իրենցից ներկայացնում, հատկապես Իսրայելը: Կարծում եմ թերահավատները կարող են ուսումնասիրել և տեսնել որ ռազմական ոլորտում Իսրայելը ամենևին թույլ չէ, թեև մոդելն այն է, ինչ որ ես ներկայացրեցի, ինչը արտացոլված է մեր նախագծում»:
Իսկ թե ով է նշանակում գլխավոր շտաբի պետին նախագահը թե վարչապետը, Հարությունյանը նշել է, որ նախագահը, սակայն վարչապետի ներկայացմամբ:
«Ընդհանրապես պետք է անդրադարձ կատարենք երկրի նախագահի դերակատարմանը, որն ավելի շատ արարողակարգային է և խորհրդանշական: Օրինակ գլխավոր շտաբի պետին նշանակում է նախագահը այս մոդելով, բայց վարչապետի առաջարկությամբ: Իհարկե, որոշման քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը: Սակայն հաշվի առնելով, որ սա բարձրագույն զինվորական պաշտոն ունեցողն է երկրում, շատ ճիշտ է, որ թե արարողակարգային առումով, թե որպես խորհրդանիշ, նախագահը արձակի հրամանագիր»,-հավելեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը: