Հունաստանում պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Դեկտեմբերի 3-ին Հունաստանում տեղի կունենա համընդհանուր գործադուլ՝ 2016 թվականի պետբյուջեի ընդունման կապակցությամբ:
Գործադուլի պատճառը աշխատավորների աշխատանքային ու սոցիալական իրավունքների կրճատումներն են, որոնք նախատեսված են վարկատուների հետ ստորագրված հուշագրերով, սոցիալական ապահովագրության հիմնադրամների ռեֆորմներն են, որոնք կհանգեցնեն կենսապայմանների և սոցիալական ապահովության վատթարացմանը:
Գործադուլի նախատեսված օրվանից մեկ օր շուտ իրենց բողոքն են արտահայտել նաև ԶԼՄ ներկայացուցիչները, որոնց արհմիության տարածած հայտարարության մեջ ասվում է. «ԶԼՄ աշխատակիցները և երկրի մյուս աշխատավորները պահանջում են պահպանել սոցիալական ծառայությունները (հիմնական և լրացուցիչ թոշակները), կարիքավորների նպաստները, անվճար առողջապահությունը (բժշկական օգնություն և հիվանդանոցային բուժում): ԶԼՄ ներկայացուցիչները նաև նշել են, որ պատրաստ են ընդլայնել իրենց իրականացրած ակցիայի շրջանակները հանուն սոցիալական ապահովության ֆոնդերի պահպանման և իրենց սոցիալական իրավունքի:
Իսկ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Սիրիզա կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում այս առիթով ասել է. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թոշակների կրճատումները զգալի չլինեն և միաժամանակ կփորձենք համակարգը կրկին կենսունակ դարձնել՝ նոր մեխանիզմների միջոցով»:
Կառավարությունն արդեն իսկ բարձրացրել է կենսաթոշակային տարիքը, սակայն Աթենքն ավելի խոր ռեֆորմներ պետք է իրականացնի մինչ տարեվերջ, որպեսզի կարողանա վերակենդանացնել իր կենսաթոշակային համակարգը՝ իր մի շարք կենսաթոշակային ֆոնդերը միավորելու և լրացուցիչ կենսաթոշակները ետ վերադարձնելու շնորհիվ:
Ցիպասը անցյալ շաբաթ հանդիպում է ունեցել նաև ընդդիմադիր գործիչների հետ և առաջարկել է նրանց համատեղ խումբ ստեղծել, որպեսզի կարողանան դուրս գալ այդ իրավիճակից, սակայն վերջիններս մերժել են:
Հունաստանին կենտրոնական բանկի նախագահ Յաննիս Ստուրնարասը նույնպես դիմել է կուսակցականներին, որպեսզի քաղաքական կոնսենսուսի հասնեն և օգնեն վերջնականապես դուրս քաշել Աթենքը ֆինանսական ճգնաժամից:
«Կոնսենսուսն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ապահովել քաղաքական կայունությունը, աջակցել ճգնաժամից ելք գտնելուն և ճանապարհ հարթել դեպի զարգացում», - ասել է Յաննիս Ստուրնարասը: