Յան Համաչեկ. Հայ-չեխական կապերը երբևէ նման բարձր մակարդակում չեն եղել
Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս մասին հայտարարել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը, որի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցությունը և կարևորել բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Յան Համաչեկը նշել է, որ մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում, և ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գոհունակություն հայտնելով երկու երկրների փոխհարաբերությունների ընթացքից՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ հայ-չեխական կապերը երբևէ նման բարձր մակարդակում չեն եղել, և պաշտոնական փոխադարձ այցերը հենց այդ մասին են վկայում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը վերաբերող հարցերի և արձանագրել, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Այս համատեքստում երկուստեք անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը և համագործակցության ակտիվացումը: Կարևորվել է, մասնավորապես, գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը թույլ է տալիս բացահայտել երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները և նախանշել գործակցության նոր ուղղություններ:
Հանդիպմանն անդրադարձ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և այս հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ: Յան Համաչեկն էլ ընդգծել է, որ որպես Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ մշտապես ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:
Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար: