ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել է միանալ դաշինքին
Չնայած Ռուսաստանի զգալի դիմադրությանը` ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները համապատասխան որոշումն ընդունել են դեկտեմբերի 2-ին Բրյուսելում անցկացված հանդիպման ընթացքում: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ` հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր գարտուղարը հայտարարել է, որ Բոսնիա և Հերցոգովինան, Վրաստանն ու Մակեդոնիան ավելի շատ շանսեր ունեն դաշինքին միանալու համար:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հրավերը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի շարունակվող էքսպանսիան դեպի արևելք չի կարող չհանգեցնել արևելքում պատասխան գործողությունների:
Պատասխանելով հարցին, թե ինչ հակազդեցություն կլինի պաշտոնական Մոսկվայի կողմից` Պեսկովը պատասխանել է. «Եկեք նախևառաջ նկատի ունենանք, որ նախագահն այս կապակցությամբ իր տեսակետը չի հայտնել, եկեք սպասենք ոչ թե փորձագետների գնահատականներին, այլ հետևենք պաշտոնական հայտարարություններին, որոնք կհնչեն արտգործնախարարության, մեր ռազմական գերատեսչության կամ երկրի ղեկավարի կողմից»:
Ավելի վաղ Չեռնագորիային ուղղված ՆԱՏՕ-ի հրավերի կապակցությամբ ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել էր, որ ՌԴ-ն կհրաժարվի Չեռնոգորիայի հետ համատեղ ծրագրերի իրականացումից, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում, եթե այդ երկիրը որոշի մտնել դաշինքի կազմ: