Դատափորձագիտական գործունեության ոլորտը չափազանց կարևոր է անձի իրավունքների ապահովման տեսանկյունից. Թաթոյան
«Դատափորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ: Փորձագետների գործունեության որակը և նրանց եզրակացություններին վստահելը հնարավոր կլինի այն դեպքում, եթե արված լինեն բացառապես գիտականորեն, արժանահավատ մեթոդների հիման վրա»,- Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
Ըստ նրա, կարևոր է, որ դատափորձագիտական գործունեության մասին օրենսդրությունը ոչ թե սահմանափակի, այլ ամրապնդի արդար դատաքննության ընդհանուր իրավունքները, ներառյալ կողմերի իրավահավասարության սկզբունքը:
Քննարկմանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ դատափորձագիտական գործունեության ոլորտը չափազանց կարևոր է այն առումով, որ առաջնահերթ նշանակություն ունի անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:
«Ոչ միայն մեր քաղաքացիները, վարույթ իրականացնող մարմիններն են բախվում այս խնդրի հետ, հնարավոր է խնդիրներ ունենանք միջազգային ատյաններում այն պատճառով, եթե փորձաքննության արդյունքները, ենթադրենք, հավաստիության պահանջվող աստիճանը չունեն, կատարման ժամկետն այնքան է ձգձգվում, որ ազդում է նույնիսկ կոնկրետ վարույթի իրականացման ժամկետի վրա»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է ունենալ օրենք, որը կկարգավորի դատական փորձաքննությունների ոլորտը, դատական փորձագետների իրավական կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները: