Նոբլյան մրցանակակիր թուրք գրողը քննադատել է Թուրքիայում տիրող բռնությունների մթնոլորտը
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գրող Օրհան Փամուքը Իտալիայում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին և մտավորականների ու լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին:
Այս մասին գրում է «Էրմենիահբեր»-ը՝ վկայկոչելով թուրքական «Ntv.com.tr» լրատվական կայքին:
Փամուքն Իտալիա է մեկնել իր վերջին գրքի շնորհանդեսի կապակցությամբ: Փամուքը նշել է, որ Թուրքայի իշխանություններն անհանդուրժողականություն են դրսևորում լրագրողների նկատմամբ. «Լրագրողները ծեծի են ենթարկվում, բանտարկվում, սպանվում: Գլխավոր ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը և իմ մտերիմ ընկերը՝ Ջան Դյունդարը, կալանավորվեց: Ի՞նչ կարող եմ ասել: Շատ բարկացած և վշտացած եմ»:
Իսկ իտալական «İL Mattino» թերթին տված հատուկ հարցազրույցում գրողն անդրադարձել է նաև Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության դեպքին:
«Դա սարսափելի քայլ էր, քանի որ ուղղված էր մի խաղաղասեր մարդու, քրդական հարցի ընտրյալ ներկայացուցչի և մտավորականության դեմ», - ընդգծել է Փամուքը:
Անվանի գրողը մեկնաբանություններ է արել նաև Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) բանակցությունների և փախստականների հարցում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ: Նոբելյան մրցանակի դափնեկիրը նշել է, որ ինքն անձամբ տարիներ շարունակ պայքար է մղել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար և այս փոխհամաձայնությունը դիտարկում է որպես եվրաինտեգրման ուղղությամբ արված մեծ քայլ:
«Եթե սա դրական լինի և Թուրքիա-ԵՄ փաթեթը նորից օրակարգ բերվի, ապա ԵՄ-ն չպետք է անտեսի նաև ժողովրդավարության և մտքի ազատության սկզբունքների հարցը»,- նշել է գրողը: