Տաք ձմեռ ասելով՝ թող մարդկանց մոտ կարծիք չստեղծվի, որ կրկնվելու է անցած տարվա ձմեռը. մասնագետ
Տաք ձմեռ ասելով մենք նկատի չունենք, որ պետք է դիտվի գարնանային ջերմային ֆոն: Լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, Գագիկ Սուրենյանը։
«Ազգաբնակչության մոտ կարծիքներ է տարածվել, որ եթե կանխատեսվել է տաք ձմեռ, նշանակում է որ ողջ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը պետք է տատարվի +10 +12-ի սահմաններում, ոնց որ նախորդ տարի էր: Սակայն նախորդ տարվա ձմեռը ոչ թե համարեցինք տաք ձմեռ, այլ օդերևութաբանական ռեկորդ ամբողջ 170 տարիների ընթացքում»-ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցը:
Նա նշեց, որ գոյություն ունի հստակ դասակարգում՝ ցուրտ են կոչվում այն ձմեռները, երբ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին Արարատյան դաշտավայրում և Երևանում հիմնականում տատանվում են 20-25 աստիճան ցրտի սահմաններում, նորմայի սահմաններում են կոչվում, երբ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին տատանվում է 14-18 աստիճան ցրտի սահմաններում, իսկ տաք կոչվում են, երբ օդի ջերմաստիճանը ձմռան գերակշող մասում գիշերային ժամերին 8-10 աստիճան ցրտի սահմաններում է:
«Թող մարդկանց մոտ կարծիք չստեղծվի, որ կրկնվելու է անցած տարվա ձմեռը, որն իր բնույթով աննախադեպ էր և սովորաբար նման ձմեռները կրկնվում են 70-80 տարին մեկ ցիկլային կտրվածքով»,-հավելեց մասնագետը՝ հորդորելով, որ գյուղացիներն անպայման այգեթաղ կատարեն: