«Հողեմ ձեր գլուխը». «Ոչ»-երի քանակը 2/11 ընտրատեղամասում նվազեց
Երևանի 2/11 ընտրատարածքում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի քվեարկության արդյունքները թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկելու դիմում էր ներկայացրել Հանրապետական կուսակցության վստահված անձ Վրեժ Դավթյանը: Այս տեղամասում քվեարկության արդյունքներով, «այո»-ների քանակը կազմել էր 130, իսկ «ոչ»-երինը`403:
ՀՀԿ-ի վստահված անձը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ իր համար տարօրինակ էր նման արդյունքը և այդ պատճառով էլ դիմել է` վերահաշվարկ անցկացնելու համար:
Վերահաշվարկի արդյունքում «ոչ»-երի քանակը նվազեց 1-ով. «ոչ» քվեարկած քվեաթերթիկի հետևի մասում գրված էր` «Հողեմ ձեր գլուխը»:
2/11 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ասաց, որ թեպետ մանրամասն նայել են, բայց դա իրենց աչքից վրիպել է: Այս քվեաթերիկը համալրեց անվավեր համարված մյուս 32 քվեաթերթիկների շարքը: Քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում որևէ փոփոխություն չգրանցվեց, ինչից դժգոհ էր ՀՀԿ վստահված անձը:
«37 տարի ա ապրում եմ էս տեղամասում սենց բան չէր եղել` խոստացել են «այո» կասեն, չեն արել», -ասաց ՀՀԿ վստահված անձը:
Թիվ 2 ընտրատարածքում 4 տեղամասի արդյունքների վերաբերյալ վերահաշվարկ կատարելու դիմում է ներկայացրել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, 2 դիմում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը, ՀՀԿ-ից 8 դիմում է ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով