Մարդու իրավունքները Հայաստանում լավ են պաշտպանված, բայց դրանց նկատմամբ հարգանք չկա. Հայկ Ալումյան
Մարդու իրավունքները Հայաստանում հիմա ավելի լավ են պաշտպանված, քան ենթադրենք մի տասը տարի առաջ: Այսօր, Մարդու իրավունքների պաշտպանությանմիջազգային օրվա առիթով ներկայացնելով մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը, որ մարդու իրավունքների վերաբերյալ բազում գործերի հետքերով հասել է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայաստանում նման վիճակը պայմանավորում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԻԵԴ-ի հանգամանքով:
«Միջազգային կառույցները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զսպաշապիկ են և եթե այդ զսպաշապիկն էլ չլիներ, ցավոք, չեմ կարող ասել, որ Հայաստանում ձևավորվել է մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Ոչ թե հարգանք ցուցադրելու մշակույթ, այլ հենց հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Իսկ իշխանության մոտ ցավոք հարգանք չկա մարդու իրավունքների նկատմամբ, և իշխանությունները պարզապես վախենում են եվրոպայի կամ ԱՄՆ-ի քննադատություններից», -նշում է փաստաբանը:
Իր փորձից փաստաբանն ասում է, որ եթե մի տասը տարի առաջ դատավարությունների ժամանակ հղում արվեր մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներին, դա հեգնանքի կարժանանար դատավորների կողմից: Բայց այժմ ամեն ինչ փոխվել է:
«Նրանք քմծիծաղ էին տալիս, ապշահարված նայում էին, ու նույնիսկ կարող էին ասել` էս ինչ ծայրահեղությունների մեջ ես ընկել, բա քեզ սազո՞ւմ է, էս ինչե՞ր ես խոսում: Այսօր ես տեսնում եմ, որ դա ընկալվում է, գոնե դատական համակարգում ընկալվում է, այսօր ես տեսնում եմ, որ փաստաբանները բավականին լավ են արդեն տիրապետում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, տեսնում եմ, որ հասարակական կազմակերպությունները շատ լուրջ աշխատանք են կատարում: Այսօր ես տեսնում եմ, որ մամուլն ազատ է, երբ օրինակ` պետական մարմինները բետոնից պատ են, միակ կառույցը, միակ ինստիտուտը որին կարելի է ապավինել, մամուլն է դառնում: Դա էլ է պայմանավորված նրանով, որ մարդու իրավունքները ինչ-որ չափ զարգացել են, եթե մամուլը իրեն թույլ է տալիս ենթադրենք Սուրիկ Խաչատրյանի գործով իշխանական տեսակետին տրամագծորեն հակառակ տեսակետն հայտնել»,-ներկայացնում է Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, իշխանությունները նման բան թույլ են տալիս` վախենալով արևմուտքի ռեակցիայից. «Դա չի արմատավորվել իշխանությունների մեջ: Մեր իշխանությունները ոչ թե պրոգրեսիվ են այլ կա զսպաշապիկ»;
Այդուհանդերձ իրավունքների պաշտպանության զարգացմանը զուգահեռ, փաստաբանը վատ երևույթներ նկատել է: Նրա խոսքով, հասարակության մեջ «լուրջ ու հավասարակշռված» մարդիկ փորձում են շեղել մարդկանց և մարդու իրավունքներ եզրույցթը նույնացնել այլասերման հետ: «Սկսել եմ նկատել, որ երբ խոսում ես մարդու իրավունքներից, բնակչության մի մասը, դրա տակ սկսում է հասկանալ միայն սեռական փոքրամասնությունների իրավունքները», -նկատեց մեր զրուցակիցը` եզրակացնելով, որ կա միտում Հայաստանում վարկաբեկել մարդու իրավունքների գաղափարը:
«Կուզեի, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դառնար մշակույթ: Դառնար մեր մենթալիտետի բաղկացուցիչ մաս, որովհետև մենք ընդհանուր առմամբ զարգացած, ընդունակ ազգ ենք ու ինձ համար տարօրինակ է, որ մեզ մոտ խորապես նստած չէ այդ հարգանքը», -եզրափակեց նա: