Իրանցի հոգևորական. Ինչո՞ւ են վահաբիներն Ադրբեջանում ազատ գործունեություն ծավալում
«Նարդարանում ստեղծված իրավիճակը մտահոգում է իրանցի հոգևորականներին ու մտավորականներին»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Իրանի Ղոմ քաղաքի հոգևոր առաջնորդ (իմամ ջոմ՛ե) Ալի Ռեզա Արաֆին:
Իրանցի մեկ այլ հոգևորական՝ Մարաղայի իմամ ջոմ՛ե Մոհամմադ Թաղի Փուր Մոհամմադին, դատապարտելով Ադրբեջանի անվտանգության ուժերի մասնակցությամբ Նարդարանում տեղի ունեցած արյունալի բախումը, մատնանշել է Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում վահաբիական հոսանքների առկայությունը, ապա հավելել. «Խնդիրն այն է, թե ինչո՞ւ են վահաբիներն Ադրբեջանում այդպես ազատ գործունեություն ծավալում»:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սարաբ քաղաքի հոգևորական (իմամ ջոմ՛ե) Ալի Աքբար Աքրամին էլ իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի պաշտոնյաները պետք է պատասխան տան շիաների թափած արյունի համար և պետք է իմանան, որ ի վերջո այս պատմությունն ավարտվելու է ի վնաս սպանության պատասխանություների»:
Հիշեցնենք, որ նախօրեին Թավրիզի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ դատապարտելով ս.թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում անվտանգության ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած զինված բախման ժամանակ 5 շիաների զոհվելու փաստը:
Հավելենք, որ օրերս Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն:
Բացի այդ՝ ԻԻՀ Մեջլիսի մի շարք պատգամավորներ գրավոր դիմել էին ԱԳ նախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆին՝ կոչ անելով Իրանում Ադրբեջանի դեսպանից Նարդարանի դեպքերի առնչությամբ բացատրություններ պահանջել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան