«Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպանի հայրը թաքցրել է նրա անձնագիրը՝ որդու տեղափոխությունը «Լիվերպուլ» չթույլատրելու համար
Գորանը՝ կիսապաշտպան Մարկո Գրույիչի հայրը, հայտարարել է, որ սերբական ակումբն իր որդու օգնությամբ միայն սեփական խնդիրներն է ցանկանում լուծել:
«Ես չեմ թույլատրի խորտակել որդուս կյանքը: Մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում, առանց կոպեկի են մնացել և իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում են իմ տղայի տրանսֆերի վաճառքի մեջ: Նրա վրա ուժեղ ճնշում է գործադրվում: Նրանք օրական 10 անգամ զանգահարում են Մարկոյին ու համոզում պայմանագիր ստորագրել «Լիվերպուլի» հետ:
Հանդերձարանում նույնպես որդուս ճնշում են, որովհետև որոշ ֆուտբոլիստներ համոզված են, որ իրենց աշխատավարձերի վճարումը բացառապես Մարկոյի տրանսֆերի վաճառքից է կախված:
Տղայիս անձնագիրն ինձ մոտ է, և ես հայտարարում եմ, որ նա ոչ մի տեղ էլ չի գնա: Դարձել է աշխարհի երիտասարդների չեմպիոն և հիմա մոտ է «Ցրվենայի» կազմում երկրի չեմպիոնի հռչակմանը: Տրամաբանական է, որ մեկ տարի հետո նրա տրանսֆերային արժեքն ավելի բարձր կլինի:
Ինչո՞ւ չեմ ուզում Մարկոյին տեսնել «Լիվերպուլում»: Ախր, դուք տեսնում եք, որ մեր ֆուտբոլիստներից ոչ մեկն էլ չի ամրացել այնտեղ: Ջորջիչ, Վելկովիչ, Տոշիչ, Մարկովիչ, Պանտիչ… Էլի՞ թվարկեմ: Ոչ ոք իրեն դրսևորելու հնարավորություն չունի: Իվանովիչի ու Վիդիչի պատմությունն այլ է: Նրանք Պրեմիեր լիգա տեղափոխվեցին, երբ արդեն փորձառու խաղացողներ էին: Ես ճանաչում եմ իմ որդուն: Վստահ եմ, որ կարող է խաղալ ԱՊԼ-ում, սակայն հիմա այդ լիգան նրա համար չէ»,- Գորան Գրույիչի խոսքերը մեջբերել է blic.rs-ը: