Արսեն Վենգեր. «Գվարդիոլան չի հարգում իր գործընկերներին»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է Խոսեպ Գվարդիոլայի՝ առաջիկա ամռանը «Բավարիայից» հեռանալու վերաբերյալ որոշումը:
«Ես հարգում եմ Գվարդիոլային, նա մեծագույն մարզիչ է, սակայն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հայտարարել հեռանալու մասին, երբ պայմանագրի ավարտին դեռ 6 ամիս ժամանակ կա:
Համարում եմ, որ Գվարդիոլան չի հարգում իր գործընկերներին: Այդ լուրը մեծացնում է մյուս մարզիչների շուրջ սպեկուլյացիաները, ովքեր հիմա լավագույն ժամանակները չեն ապրում»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, և հաջորդ մրցաշրջանում նրա տեղը կզբաղեցնի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին: Կատալոնացի մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և մադրիդյան «Ռեալը»: Գերմանական «Kicker»-ի կարծիքով՝ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: