Լեհաստանի նախկին նախագահը քննադատել է երկրի կառավարությանը
Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան Լեհաստանի ներկայիս կառավարության գործունեության վերաբերյալ հանդես է եկել կտրուկ քննադատությամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, անվանի լեհ քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվե անցկացնել Լեհաստանի խորհրդարանի իրավասությունների կրճատման հարցով: Վալենսան կարծում է, որ Լեհաստանի ներկայիս կառավարությունը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնի բացասական շղարշի ներքո:
«Այս կառավարությունը մեզ ծիծաղի առարկա է դարձնում: Ես ամաչում եմ գնալ արտասահման»,- հայտարարել է Վալենսան լեհական ռադիոկայաններից մեկի եթերում:
Լեհաստանի նախկին նախագահը նաև կոչ է արել անպայման հանրաքվե անցկացնել խորհրդարանի իրավասությունները կրճատելու հարցով:
«Հանրաքվեի ժամանակ պետք է ցույց տալ, որ քաղաքացիների 2/3-ը դեմ են հանդես գալիս նման կառավարությանը»,- հայտարարել է Վալենսան:
Վերջինիս խոսքով, Բեատա Շիդլոյի գլխավորած կառավարությունը հանդես է գալիս ազատության և ժողովրդավարության դեմ:
Նշենք, որ ավելի վաղ ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարե էր, որ Լեհաստանի կառավարության կողմից անցկացվող ներքաղաքական կուրսը մտահգություն է առաջացնում: Վերջինիս խոսքով, Լեհաստանի ներկայիս իշխանությունները խառնվում են արդարադատության և ԶԼՄ-ների գործունեությանը՝ ոտնահարելով քաղաքքականության ընկալման եվրոպական հիմնարար սկզբունքները: Ասելբորնը նաև հայտարարել էր, որ նման քաղաքական գծի շարունակության դեպքում Լեհաստանը կարող է զրկվել եվրոպական թատերաբեմում ձայնի իրավունքից: