ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Նեմցովի սպանության պատվիրատուի անունը
Այսօրվա ընթացքում վերջնական խմբագրմամբ մեղադրանք կառաջադրվի ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող 5 անձանց նկատմամբ: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Նախաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում այսօր քննիչները մտադիր են վերջնական խմբագրմամբ մեղադրանք առաջադրել Զաուր Դադաևի, Անզոր և Շադիդ Գուբաշևի, Թեմիրլան Էսկերհանովի և Համզաթու Բահաևի նկատմամբ` կազմակերպված հանցավոր խմբի կազմում պատվերով սպանություն կատարելու, ապօրինի զենք պահելու, տեղափոխելու հատկանիշներով», -նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Քննությունը նաև պարզել է` սպանության պատվիրատուի և կազմակերպչի անձը` Ռուսլան Մուհուդինով, որի մասով քրեական գործը կառանձնացվի ու կքննվի առանձին վարույթում: Նախաքննությունը ծրագրվում է ավարտել 2016-ի հունվարին: