ՄԻԵԴ․ Գործատուն իրավունք ունի կարդալու աշխատակիցների նամակագրությունները
Գործատուներն իրավունք ունեն կարդալ իրենց աշխատողների հաղորդագրություններն ու էլեկտրոնային մեյլերը, որոնք ուղարկվել են աշխատանքային ժամերին։ Այսպիսի որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բարբուլեսկուն ընդդեմ Ռումինիայի» գործով։
ՄԻԵԴ-ը քննում էր մի հայց, որը ներկայացրել էր ռումինացի ինժեներ Բոգդան Միհաի Բարբուլեսկուն ընդդեմ իր նախկին ղեկավարության, որը հեռացրել էր իրեն 2007թ․-ին այն բանից հետո, երբ ծանոթացել էր իր անձնական նամակագրությանը։
Ինչպես ասվում է ՄԻԵԴ պաշտոնական կայքում, Բարբուլեսկուն այդ ընկերությունում աշխատել է 2004թ․ի օգոստոսի 1-ից մինչև 2007թ․-ի օգոստոս՝ որպես վաճառքի պատասխանատու ինժեներ։
Գործատուի խնդրանքով նա բացել է Yahoo Messenger-ի հաշիվ, որպեսզի պատասխանի հաճախորդների հարցումներին։ 2007թ․-ի հուլիսին Բարբուլեսկուն իր գործատուի կողմից տեղեկացվել է, որ իր Yahoo Messenger-ի հաղորդագրությունները վերահսկվել է հուլիսի 5-ից 13-ը, որոնք ցույց են տվել, որ նա ինտերնետն օգտագործել է անձնական նպատակներով։ Ներկայացվել է նաև հաղորդագրությունների ներդիրները աշխատակցի և նրա եղբոր ու հարսնացուի միջև, որոնք կապված են անձնական հարցերի հետ, ինչպիսիք են նրա առողջությունն ու սեռական կյանքը։ Բարբուլեսկուն հեռացվել է աշխատանքից ըկերության ներքին կանոնակարգերը խախտելու պատճառով, որոնք արգելում են ընկերության ռեսուրսները անձնական նպատակներով օգտագործելը։
Հայցվորը ՄԻԵԴ-ում պահաջում էր ղեկավարության գործողությունները ճանաչել որպես իր նամակագրության գաղտնիության սկզբունքի խախտում։
Դատավորները մերժել են հայցը։ Նրանք հանգել են այն եզրակացության, որ աշխատակիցը խախտել է ընկերության կանոնները և գործատուն իրավունք ուներ ստուգելու՝ ինչպես է նա կատարում իր աշխատանքը։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ գործատուն գործել է իր իրավասությունների շրջանակերում, քանի որ, ինչպես պարզել է դատարանը, տեղեկատվությունը, որի մասին խոսվում է, կապված է եղել աշխատակցի մասնագիտական գործունեության հետ և, հետևաբար, դրան հասանելիությունը համարվում է օրինական։
Սակայն դատարանը որոշման մեջ նաև նշում է աշխատակիցների անսահմանափակ վերահսկողության անընդունելիության մասին և ասում, որ պետք է սահմանվեն հստակ կանոններ այն մասին, թե ինչպիսի տեղեկատվություն և ինչպես գործատուն իրավունք ունի հավաքել աշխատակիցների մասին։
Այս որոշումը տարածվում է բոլոր այն երկրների վրա, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։