Եվրոպան սպասում է Ադրբեջանի նավթահոտ խավիարին. Շիրինյան
Այնպես ինչպես կառավարվում է մեր ներքին կյանքը, նույն ձևով էլ պետք է կառավարվի արտաքին քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ թափթփվածության կա ներքին և արտաքին կառավարման համակարգերում:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում քննարկվող հակահայկական բանաձևերին, քաղաքագետը նշեց, որ չի զարմանում, որ քննարկման են դրվել նման բանաձևեր:
Նրա խոսքերով, առարկայական իմաստով այդ բանաձևերը որևէ հետևանք չեն կարող ունենալ, սակայն բարոյական, քաղաքական առումով դա կտա արդյունք:
«Դուք գիտեք, որ աշխարհում կաշառք կա: Առաջարկում եմ Հայաստանի ամենահայտնի կոռուպցիոներներին ընդգրկել Ստրասբուրգում՝ գործ անելու համար: Թող գնան, կաշառեն, գցեն, խաբեն և հարցերը լուծեն»,-նշեց Շիրինյանը՝ նկատելով, որ Եվրոպան սպասում է Ադրբեջանի խավիարին, այդ նավթահոտ խավիարի համար խելագարվում են:
Շիրինյանը երկրորդ առաջարկն էլ ուներ. «Արթիկ տուֆը շատ ավելի կատարյալ է, թող դրանով Փարիզում շենքեր կառուցեն և դրանք տրամադրեն նրանց, ովքեր Հայաստանի համար գործ կանեն՝ անգլիացիներին, պորտուգալացիներին և այլն: Կամ էլ որպես կաշառք թող ծիրան արտահանեն, մեր բրենդը դա է»,-հավելեց նա: