Շտապելու որևէ բան չկա. Աղվան Վարդանյանը` ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին
«Եթե տեսնում ենք հնարավորություն կա երկրի զարգացման մեր պատկերացումները կյանքի վերածելու համար, երբեք չենք հրաժարվել պատասխանատվությունից և աշխատանքից», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունը վրդովված է Արմեն Ռուստամյանի հայտարարությունից, երբ դաշնակցականը ասել էր, որ իշխանությունները հեղինակազրկված են ու նրանց կողքին լինելը ենթադրում է վարկանիշի անկում, Վարդանյանը արձագանքեց. «Նորից եմ կրկնում, եթե դուք լավ հետևեք Հանրապետական կուսակցության գործիչների ելույթներին, կտեսնեք բոլորովին այլ բան: Մարդկանց մատուցվել է կոնտեքստից դուրս արտահայտություն, Ռուստամյանը երկրորդ անգամ է խոսել ու շեշտերը տեղն է դրել»:
Հարցին, թե արդյոք այժմ, երբ նման հայտարարություն է հնչել Դաշնակցությունից, ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը վտանգվա՞ծ է, Վարդանյանը պատասխանեց. «Մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակվում է, վտանգված խնդիր չկա, մենք քննարկում ենք անելիքները, հնարավոր հիմնական ուղղությունները, պրոցեսը գնում է շատ նորմալ, որևէ վտանգված խնդիր չկա»:
Այդուհանդերձ, լրագրողները պնդեցին` հետաքրքրվելով, թե այս պահի դրությամբ ի՞նչ փուլում են ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունները, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դեռ կան քննարկվելիք հարցեր: Ամբողջ ցավն այն է, որ լրատվամիջոցների ջերմ աջակցությամբ նաև ամեն ինչ բերում հանգեցվում է պաշտոնների` նախարար, փոխնախարար, մարզպետ և այլն: Դա չէ, էականը: Մենք լրջագույն խնդիր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Շտապելու որևէ բան չկա, ենթադրում եմ, որ ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ և մասնակցության ձևաչափի, և համապատասխան պատասխանատվության մասին»:
Ինչ վերաբերում է համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին հանձնվելիք պորտֆելներին, ապա ըստ Վարդանյանի դա չէ կարևորը, այլ անելիքները:
«Եթե կլինի համաձայնություն, մնացած հարցերը տեխնիկական խնդիրներ են: Մենք հիմա քննարկում ենք մեր առաջիկա անելիքները: Դա վերաբերում է երկրի բոլոր ոլորտներին, մենք ունենք պատկերացում, տեսլական, գիտենք երկրի բոլոր պրոբլեմները, գիտենք այս շրջանի տնտեսական բարդագույն խնդիրները», -հավելեց դաշնակցականը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե եթե Դաշնակցությունը մտնի կոալիցիա կփոխվի՞ որակը և ի՞նչ ժամկետներում ժողովուրդը կտեսնի այդ փոփոխությունը, ինչին Վարդանյանը պատասխանեց.
«Նախ մենք խոսում ենք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին: Դուք կոալիցիա բառը շատ լավ սովորել եք ու չեք կարողանում ազատվել դրանից: Եթե մենք համագործակցության եզրերը համաձայնեցնենք, ամբողջացնենք, ես կարծում եմ` դա ինքնին արդեն դրական է: Մեկը լավ է, երկուսն ավելի լավ: Մենք ասում ենք` բանակցությունների այս ամբողջ իմաստն այն է, որ մենք ստեղծենք քաղաքական նոր մշակույթ, որոշումները կայացվեն ոչ թե մեկ խմբի կողմից, միանձնյա, այլ մյուսների հետ մասնակցությամբ, խելք խելքի տալով, իրար զիջելով, ընդառաջելով: Սա է ուղղությունը»: