Տիգրան Բալայանը կեղծիք է որակել Թուրքիայի ԱԳՆ տեղեկատվությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը, հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»։
Տեղեկացնենք, որ Թուրքիան 10 ամիս տևած դադարից հետո որոշում է կայացրել, որ իրենց դեսպան Մեհմեթ Փաչաջըն կվերադառնա Վատիկան: Այդ որոշման մասին փետրվարի 3-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Պաշտոնական Անկարան Սուրբ Աթոռի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումն ընդունել է Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց:
Վատիկանի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Հռոմի պապի ապրիլյան հայտարարությանը: Տեքստում ընդամենը գոհունակություն է հայտնվում, որ Թուրքիայի կողմից արխիվների բացումը հնարավորությունը կտա ընդհանուր ընկալում ձևավորել պատմական տարբեր իրադարձությունների առնչությամբ, այդ թվում 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ:
«Բոլոր շահագրգիռ կողմերի, պատմաբանների և հետազոտողների համար արխիվները բացելու Թուրքիայի ցանկությունը նշանակալի և գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքը, որոնց միջով անցել են պատերազմական իրավիճակում, հակամարտության մեջ գտնվող մարդիկ` անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից: Այդ թվում նաև 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ», - ասված է Վատիկանի տարածած հայտարարության մեջ: