Ագարակում մտել են վաճառասրահ, կպչուն ժապավենով կապկպել տիրոջը ու գողացել հագուստ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հաձարկման դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Երկու անձ ձերբակալվել է։ Այդ մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից:
Փետրվարի 4-ին՝ ժամը 22:15-ին, «Մեղրիի ՏԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 53-ամյա Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի, քննությամբ պարզվել է, որ 2016թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ.Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ.Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում փետրվարի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Օպերատիվ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ։ 2 կասկածյալները հայտնաբերվել են և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։