Տարեկան ՍԴ է դիմում 1600-ից ավելի ֆիզիկական ու իրավաբանական անձ. Գ.Հարությունյան
«Ներկայումս սահմանադրական դատարանում օրենքի սահմանադրականության հարցով գործերի 90 տոկոսից ավելին քննության է առնվում քաղաքացիների դիմումների հիման վրա: Տարեկան սահմանադրական դատարան է դիմում 1600-ից ավելի ֆիզիկական ու իրավաբանական անձ: Քննության է ընդունվում դիմումների շուրջ 7.5 տոկոսը, միջազգային պրակտիկայում այդ թիվը տատանվում է 2.5-5 տոկոսի սահմաններում` պայմանավորված նաև անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններով»: ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ներկայցված տվյալների համաձայն, անցած քսան տարիներին Հայաստանի սահմանադրական դատարանը դատաքննության արդյունքով վերջնական որոշում է ընդունել 1252 գործով` արտահայտելով սահմանադրական իրավունքի աղբյուր հանդիսացող կարևոր իրավական դիրքորոշումներ, ինչպես նաև կայացրել է 1500-ից ավելի աշխատակարգային որոշում: Ամբողջությամբ կամ մասնակիորեն հակասահմանադրական են ճանաչվել թվով 67 օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի 209 տարբեր հոդվածներ ու դրույթներ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 19 և քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդված կամ առանձին դրույթ` առաջադրելով նաև այդ օրենսգրքերի համակարգային վերափոխման խնդիր:
«Երկրում սահմանադրական օրինականության երաշխավորման անհրաժեշտու թյունից ելնելով՝ հակասահմանադրական են ճանաչվել ամբողջ իրավական ինս տիտուտներ, ինչպիսիք են` գործերը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստի տուտը, նոր հանգամանքներով գործը վերանայելու ինստիտուտը, քրեական ու վարչական դատավարության ոլորտներում նախկինում գործող դատարանակազմական լուծումները: Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նշված ոլորտներում կատարվել են համակարգային փոփոխություններ, իսկ ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել է հարյուրից ավելի օրենսդրական նախաձեռնություն`գործող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ»,- ասել է ՍԴ նախագահը:
Գ. Հարությունյանը նշել է, որ անցած տարիներին սահմանադրական դատարանը քննության է առել 43 ընտրական վեճ, անվավեր են ճանաչվել համապատասխան ընտրական հանձնաժողովների որոշումները կամ ընտրությունների արդյունքները թվով 8 ընտրատարածքներում, ինչպես նաև քվեարկության արդյունքները` թվով 40 ընտրական տեղամասերում: Քննության առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը` Սահմանադրությանը հակասող են ճանաչվել միջազգային հինգ պայմանագրերի տարբեր դրույթներ, իսկ 16-ը չի ընդունվել քննության` օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահ. ՀՀ-ում Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում անելիքներն ավելին են, քան արվածն է
- Նախագահը մասնակցել է ՀՀ ՍԴ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը