Թուրքիան և Հունաստանը պարեկություն իրականացնելու խնդրանքով դիմել ՆԱՏՕ-ին
Թուրքիան և Հունաստանը համաձայնել են Էգեյան ծովում պարեկություն իրականացնելու խնդրանքով դիմել ՆԱՏՕ-ին: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը` պարեկության հիմնական նպատակը անօրինական ներգաղթյալների հոսքի և նրանց տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարն է:
«Թուրքիան և Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին հսկողություն սահմանել ազգային առափնյա պահպանության հետ կապված իրավիճակի և «Frontex»-ի նկատմամբ»,- գործակալության հետ զրույցում հայտարարել է մի գերմանացի պաշտոնյա:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դեմ է Հունաստանի սահմանների պարեկության համար ՆԱՏՕ-ի ներգրավման գաղափարին:
Պաշտոնական Անկարան իր հերթին հայտարարել էր այն մասին, որ պատրաստ է ընդունել ծովում փրկված կամ ՆԱՏՕ-ի կողմից բռնված փախստականներին։ ՆԱՏՕ-ի կողմից հավաքված տեղեկատվությունը կփոխանցվի թուրքական իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներին փոխադրողների դեմ պայքարի համար։
«Փախստականներով նավակները կանգնեցնելն ու դրանք հետ ուղարկելը ՆԱՏՕ-ի խնդիրը չեն»,- նշել է պաշտոնյան: