Ուզունյանը կմնա նույն դատարանում դատավոր, Հարությունյանը` դատարանի նախագահ. ԱԽ-ի որոշումները
Հայաստանի արդարադատության խորհուրդն այսօրվա նիստում մի քանի դատավորների տեղափոխությունների երաբերյալ որոշումներ է կայացրել:
Մասնավորապես, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վճռաբեկ դատարանից, այսօրվա նիստում ԱԽ-ն որոշել է ՀՀ Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ, ԱԽ-ն առաջարկել է ՀՀ նախագահին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել Տիգրան Վազգենի Սահակյանին, որը բոլորովին վերջերս հրաժարական էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնից:
Ըստ աղբյուրի, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` ԱԽ-ն որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Դավիթ Հրաչյայի Հարությունյանի թեկնածությունը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ ԱԽ-ն որոշել է Սամվել Ազատի Ուզունյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:
Քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորի նշանակման վերաբերյալ հարցը` որոշեց Աշոտ Սուրենի Խաչիկյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: