ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ սանկցիաների կիրառման կողմնակիցների թիվն ավելանում է
Դեռ 2016-ի դեկտեմբերին ԱՄՆ ազդեցիկ կոնգրեսական Քրիս Սմիթը Ներկայացուցիչների պալատի օրակարգ էր մտցրել «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» (Azerbaijan Democracy Act, H.R.4264) վերնագիրը կրող օրինագիծը, որը ենթադրում է մուտքի արտոնագիր տրամադրելու արգելք սահմանել Ադրբեջանում մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումների մեջ ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի համար:
«Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Ադրբեջանում շեշտակիորեն վատթարացել է, ինչը վնաս է հասցնում ինչպես Միացյալ Նահանգների հետ այդ երկրի հարաբերություններին, այնպես էլ իրենց սեփական հասարակությանը, երբ այդ երկրի լավագույն և պայծառ քաղաքացիների նկատմամբ բռնություններ են կիրառվում կամ նրանց արտաքսում են», - ասել էր նախագծի հեղինակ, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը՝ կոմիտեում օրինագծի ներկայացման առթիվ հրավիրված լսումներին:
Մինչև Ներկայացուցիչների պալատի քվեարկության դրվելը Կոնգրեսի օրակարգում գտնվող նախագծի աջակիցների թիվը կարեւոր ցուցանիշ է օրինագծի ընդունման համար:
ԱՄՆ Կոնգրեսի ամենազդեցիկ հանրապետականներից մեկը համարվող Քրիս Սմիթին այս պահին միացել են եւս երկու աջակիցներ՝ հանրապետական Ջո Հեքը Նեվադայից եւ դեմոկրատ Լուիս Սլոթերը Նյու Յորքից:
Govtrack.us կայքը, որը ներկայացնում է Կոնգրեսի օրակարգում շրջանառվող նախագծերի ընդունման հավանականության վերաբերյալ տվյալներ, այս պահին քիչ հավանական է համարում H.R.4264-ի ընդունումը՝ հաշվի առնելով, մասնավորապես, աջակիցների փոքր թիվը:
Սակայն հայաշատ Նյու Ջերսիի 4-րդ կոնգրեսական ընտրատարածքից դեռեւս 1981-ից ի վեր վերընտրվող Սմիթը ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին նորից մասնակցելու է ընտրությունների, և այս հանգամանքը կարող է նրան ստիպել ավելի ակտիվ և հետամուտ լինել օրինագծի հարցում:
Հետաքրքիր է, որ ներկայացված նախագիծը մուտքի արտոնագրի տրամադրման բացառություն է նախատեսում Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, ովքեր մուտք են գործելու Միացյալ Նահանգներ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին մասնակցության նպատակով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կազմակերպվող Միջուկային անվտանգության չորրորդ համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը