Իրաքում սկսվել է Մոսուլի ազատագրման օպերացիան
«Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղող միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեդ Մակգերկը հայտարարել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված գործողության մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա» գործակալությունը:
Բաղդադում գտնվող Մակգերկը հայտնել է, որ գործողությունը սկսվել է Մոսուլը Սիրիական Ռաքքա քաղաքին կապող և ահաբեկիչներին պարեն ու ռազմամթերք ապահովող ուղիների արգելափակմամբ: Նրա խոսքով՝ քաղաքի ազատագրումը հեշտ չի լինի, սակայն գործողությունների պլանը նախապես մանրակրկիտ ձևով մշակվել է:
Իրաքում մեծությամբ երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլը գտնվում է երկրի հյուսիսային Նայնավա նահանգում և Իրաքում «ԻԼԻՊ»-ի գլխավոր հենակետն է: Երկրի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեյդին հունվարին խոստացել էր, որ Մոսուլի համար ճակատամարտը տեղի կունենա 2016թ-ին և այն կլինի վճռական ահաբեկիչների դեմ պայքարում:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ քաղաքի ազատագրման գործողությանը մասնակցելու են զինված ուժերի բոլոր տեսակները, որոնց աջակցելու են ժողովրդական պարտիզանական ջոկատներն ու կոալիցիոն ուժերի ավիացիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան