Աշոտյանը` Մելիք Ադամյան 2-ից
Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ լրագրողների հանդիպումն այսօր նախարարության մամուլի սրահում չէր, այլ Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակում: Այսուհետև նա զբաղվելու է «կուսակցության կազմակերպական և ինտելեկտուալ կարողությունների ամրացմամբ»:
«Վստահ եմ, որ մեր հանդիպումներն այս հասցեից ավելի հաճախ են լինելու: Մելիք Ադամյանը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական կյանքին ռիթմ տվող կենտրոններից մեկը», -հայտարարեց Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն գործունեության մեջ նոր նախաձեռնությունների ու նոր ծրագրերի սկիզբ է դնում` քաղաքացիներին «մրցունակ ծրագրեր» ներկայացնելու համար:
«Ցանկացած քաղաքական կուսակցություն հենց այսպիսի էտապներով պետք է աշխատի քաղաքացիների հետ: ՀՀԿ-ն լինելով ՀՀ քաղաքական կյանքի կարևորագույն դերակատարներից մեկը իր վրա է ստանձնել քաղաքական ավանգարդի դերակատարը և հանդես է եկել մի քանի նոր որոշումներով»,-հավելեց կուսակցականը:
Նա որպես նոր ծրագիր, խոսեց Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի հիմնման մասին, ասաց, որ այդ մասին լուրերը որոշ շրջանակներում «մաղձով են ընդունվել»:
«Չեմ զարմանում այդ արձագանքների վրա, որովհետև ՀՀԿ-ն փաստացի, առաջին քաղաքական ուժն է, որը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ` մենք հիմնում ենք մեր սեփական քաղաքական դպրոցը», -ասաց ՀՀԿ-ականը:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը լինելու է «պարտշկոլա», որոնք գոյություն են ունեցել խորհրդային միության տարիներին, Աշոտյանն ասաց, որ նման հայտարարությունները տեղին չեն:
«Նման կենտրոնները նպատակ ունեն շարունակական և լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների ու համակիրների կազմակերպական ու ինտելեկտուալ կարողությունները: Հատուկ եմ շեշտում համակիրների, որովհետև կուսակցության դպրոցի դռները բաց են լինելու անկուսակցական մարդկանց համար», -ներկայացրեց Աշոտյանը` ընդգծելով, որ փորձ են անելու այդպիսով զարգացնել քաղաքագիտական միտքը Հայաստանում:
Նրա խոսքով, դպրոցի կայացման համար օգտագործվելու է եվրոպական, մասնավորապես գերմանական փորձը` դիտակետում ունենալով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի փորձը:
Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում դասավանդելու են և կուսակցության անդամներ, և տարբեր շրջանակներից մասնագետներ:
«Նրանց քաղաքական պատկանելիությունը երկրորդական է այս պահի դրությամբ, որովհետև մեզ համար կարևոր է, որ մեր դպրոցում դասավանդեն այս կամ այն թեմային տիրապետող Հայաստանի լավագույն մասնագետները»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե օրինակ, ՀՀԿ-ականներ Առաքել Մավսիսյանը (Շմայս), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) դասավանդելո՞ւ, թե՞ ուսանելու են այդ քաղաքական դպրոցում, Աշոտյանի պատասխանը կարճ էր. «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան