Փախստականների առաջին խումբը Հունաստանից Թուրքիա վերադարձվելու է ապրիլի 4-ին
Հունաստանից Թուրքիա փախստականների առաջին խոշոր խմբի վերադարձը նախատեսված է իրականացնել ապրիլի 4-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը:
«Հունաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական համաձայնություն կա ապրիլի 4-ին 500 հոգու հետ ուղարկելու համար, եթե վերջին րոպեին ինչ-որ խնդիր չառաջանա», - գործակալությանը հայտնել է Եվրոպական հանձնաժողովում ունեցած աղբյուրը:
Աղբյուրը նաև հստակեցրել է, որ այդ 500 հոգու մեջ լինելու են Սիրիայի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԵՄ անդամ երկրները Թուրքիայի հետ համաձայնեցրին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի միասնական ծրագիրը: Համաձայնությունները սկսել են կյանքի կոչվել մարտի 20-ից: