Ոստիկանապետ. Որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար
Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրել է հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, ոստիկանապետը նման հայտարարություն արել է Իջևանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողները:
Գասպարյանը կարգադրել է օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծեց ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջեց անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:
Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ նկատի ունենալով մարզի սահմանային գոտի լինելու հանգամանքը՝ Տավուշի ոստիկանությունը պետք է առանձնակի զգոնություն դրսևորի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների պատասխանատուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան