ՊՆ խոսնակ. Դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը կայացրեց սխալ որոշում
«Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում»: Նման կարծիք է հայտնել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով.
1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին
2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:
Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:
Ադրբեջանական կողմից այդ զենքի կիրառման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը.
« Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը
- Ա. Հովհաննիսյան. Հայ հրետանավորնեը շարքից հանել են TOC-1 համակարգերը
- ՊՆ խոսնակ. Լավ լուրերից հերթականը
- ՊՆ. Ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ են ոչնչացվել