ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է «անհապաղ» դադարեցվեն
«Մեր դիրքորոշումը հայտնվել է Նախագահի, Պաշտպանության և ԱԳ նախարարության հայտարարություններում։ Մենք կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ Երևանում և Բաքվում։ Արտահայտել ենք մեր ծայրահեղ անհանգստությունը [ստեղծված իրավիճակի վերաբերյալ], կոչ ենք արել անհապաղ դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները և խոչընդոտներ չստեղծել խաղաղ կարգավորման համար։ Կողմերը հայտնել են, որ անհրաժեշտ հրամանները տրվել են, [բայց] այսօր լսում ենք, որ խախտումները չեն դադարել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոլդովացի իր գործընկերոջ հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար անցկացված ասուլիսի ընթացքում։
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ապրիլի 2-ից սկսված Ադրբեջանի ռազմական գործողություններում նաև Թուրքիայի դերակատարման վերաբերյալ հարցին, Լավրովը ավելացրել է.
«Կան կողմեր, ում շահերից չեն բխում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ներառյալ համանախագահ երկրների նախագահների հայտարարություններում [առկա խաղաղության կոչերը]։ Դուք նշեցինք Թուրքիայի մասին։ Գիտեք, մենք չենք մեղադրում արտաքին որևէ ուժերի։ Չենք մեղադրում նաև Անկարային։ Մենք լսել ենք այն հայտարարությունները, որի մասին Դուք խոսում եք։ Թուրքիայի հայտարարությունները միակողմանի են։ Թուրքիան պետք է դադարեցնի այլոց գործերին իր միջամտությունները։ Պետք է դադարեցնի ահաբեկչությանը իրենց աջակցությունը»,-- ասել է Լավրովը, ընդգծելով, որ խաղաղ գործընթացին և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ընդունված կարգավորման սկզբունքներին այլընտրանք գոյություն չունի։