Եթե Ադրբեջանը փորձի նորից խախտել զինադադարի ռեժիմը, իրականացնելու ենք հաջորդ անհրաժեշտ հակահարվածը. Բակո Սահակյան
«Տարբեր խախտումներով, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հիմնականում պահպանվում է պայմանավորվածությունը՝ հրադադարի պահպանման մասին»,- այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի մշակած օպերացիան չի հաջողվել ի շնորհիվ Արցախի Հանրապետության ԶՈՒ-ի, նրա ժամկետային զինծառայողների, հրամանատարական կազմի, մայր Հայաստանից Արցախ այցելած տարբեր կամավորական ջոկատների, աշխարհի տարբեր երկրներից իրենց նախնիների կանչով արագ արձագանքած, Արցախում հայտնված և միանգամից մարտի մեջ մտած հայ զավակների:
«Այդ դրսևորումների շնորհիվ է, որ թույլ է տվել կանգնեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողություները»,- ասաց Բակո Սահակյանը:
Նա մեկ անգամ շեշտեց, որ այս պահի դրությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ:
«Եվ եթե Ադրբեջանը փորձի նորից խախտել զինադադարի ռեժիմը, ապա իրականացնելու ենք հաջորդ անհրաժեշտ հակահարվածը և դա միշտ լինելու է մեր ռազմավարության հիմքում: Հակամարտության կողմի նկատմամբ պայմանավորվածությունները չհարգող այդպիսի հակառակորդի նկատմամբ չենք կարող ունենալ այլ մոտեցում»,- նշեց Բակո Սահակյանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակին:
Իտալիայի Հանրային հեռուստատեսության հարցին, թե՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ բանակցության նախապայման դնելով Արցախի զինված ուժերի դուրս գալը, այսպես ասած՝ շփման գծից. արդյոք «դա լոկ հայտարարությո՞ւն է, թե՞ սադրանք», Բակո Սահակյանը պատասխանեց.
«Ադրբեջանը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, և այդ հայտարարությունը տարածել է այն շրջանում, երբ ինտենսիվ հրետակոծության էր ենթարկվում Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածի գյուղերը, այդ թվում՝ նաև Մարտակերտ քաղաքը: Այդ պահին, որպեսզի չստացվի, որ մենք ենք կրակի դադարեցմանը, մենք արաջ արձագանքել ենք, և Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար գեներալ Մնացականյանը պատասխանել է այդ հայտարարությանը, որ՝ մենք ընդունում ենք այդպիսի առաջարկությունը, մատնանշելով, որ այդ առաջարկությունը կեղծ է, քանի որ այդ նույն պահին ընթանում էին հրետակոծություններ Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան
- Բակո Սահակյանը՝ ՀՀ ղեկավարության հետ իրականացված աշխատանքների մասին
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- ԼՂՀ նախագահ. Տվել եմ հրաման՝ կազմակերպելու ոչ թե դիմադրություն, այլ հակառակորդի գործողությունները կասեցնելու
- ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
- 1921թ-ին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց այդ ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում. Բակո Սահակյան