Ցեղասպանություններին հայ ժողովրդի լավագույն պատասխանը ՀՀ-ն ու ԼՂՀ-ն զորացնելն է. Հերմինե Նաղդալյան
Ցեղասպանությունները բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում ունեն նույն ձեռագիրը, նույն ոճը, և նույն դեմքը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա, այսօր առաջադեմ համայն մարդկության պարտականությունն է, որ այս պահին կարողանան ձայն բարձրացնել ու բռնել ցեղասպան ձեռքը, նրանց հեշտ է ճանաչել, նրանք շատ նման են:
«Այդպիսին է այսօր Թուրքիան, որը 100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրեց հայերի, հույների, ասորիներ նկատմամբ, այսօր Ադրբեջանը, որի մասին Թուրքիան հստակ հայտարարում է ամբողջ աշխարհին, թե մենք մեկ ազգ ենք, երկու պետություն, նույն ձեռագրով վարվեց ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ»,-ասաց Հ.Նաղդալյանը:
Նա ընդգծեց, որ այս բոլոր ցեղասպանություններին հայ ժողովրդի լավագույն պատասխանը հայ ժողովրդի վերածնված պետության սփյուռքի հետ համախմբվածության և միասնական աշխատանքն է, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն զորացնելը, ինչպես նաև աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի գործում դրոշակակիր լինելը:
«Համաձայնեք, պատմությանը հայտնի չեն շատ դեպքեր, երբ նման դաժան փորձությունների միջով անցնելուց հետո ժողովուրդը վերածնվելու ուժ է գտել, բացի դրանից նաև պայքարել ուրիշների համար, ուրիշների նկատմամբ այս անմարդկային հանցագործությունների դեմ»,- ասաց Հ.Նաղդալյանը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան