Հանձնարարվել է ուսումնասիրել զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված և վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները և ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հանգամանալից ուսումնասիրեք և գնահատեք երևանաբնակ այդ ընտանիքների առաջնային կարիքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրի մասով ցուցաբերել անհատական մոտեցում», - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում սատար կանգնենք այդ ընտանիքներին:
Ֆինանսական միջոցների վերանայման շրջանակում քաղաքապետը հանձնարարել է հաշվի առնել նաև ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից համապատասխան դրամական փոխանցում կատարելու հնարավորությունը:
Ըստ աղբյուրի, աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանն էլ հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնել հնարավոր առաջարկներ:
Զոհված զինծառայողների հիշատակի հավերժացման նպատակով աշխատակազմի հանրակրթության վարչությանն էլ հանձնարարվել է ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները:
«Նրանց հարգանքի տուրք մատուցելու և սխրանքներն անմահացնելու համար այն դպրոցներում, որտեղ նրանք սովորել են, պետք է ստեղծվեն մերօրյա հերոսների անկյուններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: