ԼՂՀ վարչապետի խոսնակ. Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը
Առաջնագծում գտնվող քաղաքացիների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Նրա ներկայացմամբ, քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ:
«Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում են առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չեն ունեցել:
Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ»,-գրել է Ա. Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնենշ վերջնական լուծումների մասին:
«Սակայն հավաստիացնում եմ, որ կառավարությունն առավելագույնը կանի մեր դիրքապահ տղաների համար: Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն նրանց»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան