Շիրակում տեղի ունեցած սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 3-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Մայիսի 3-ին` ժ.20.50-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Ա. Էլոյանը՝ «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, և 1966 թ. ծնված Ա. Չախոյանը՝ «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ։ Վերջինս ժամը 22.00-ի սահմաններում բժշկական կենտրոնում մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ Ա.Էլոյանին և Ա.Չախոյանին դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են Գյումրիի Շիրակացի փողոցի 36 շենքի բակում գտնվող ավտոտնակի մոտ։
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Վերջինիս մասնակցությամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը