Թուրքագետը՝ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի պատճառների մասին
Շատ շուտով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական կտա: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը, մանրամասնելով, որ այդ մասին ինքը տեղեկացել է երեկ ուշ երեկոյան:
«Այսօր նա «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի ու կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսում է կուսակցության արտակարգ համագումար, և ինքը՝ որպես կուսակցության նախագահ, չի առաջադրվելու»,-ասաց Չաքրյանը:
Խոսելով պատճառների մասին, Չաքրյանը կարծիք հայտնեց, որ դա տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ երեկվա անակնկալ հանդիպումից հետո: Բանախոսն ասաց, որ հանդիպումը նախատեսված էր այսօր, սակայն այն ավելի շուտ կայացավ, քանի որ տարաձայնություններ էին առաջացել:
«Էրդողանը, նրա՝ նախկինում ղեկավարած կուսակցությունը, ինչպես նաև կառավարությունը պայքարում էին, որ Դավութօղլոն զրկվի վարչապետի պաշտոնից»,-ասաց նա:
Չաքրյանի ներկայացմամբ, իրավիճակը սրվել է այն բանից, հետո, երբ Էրդողանն իմացել է Դավութօղլուի՝ Վաշինգտոն կատարվելիք այցի մասին:
«Դա կամրապնդեր Դավութօղլուի դիրքերը, և նա այլևս չէր լինի Էրդողանի կամակատարը»,-կարծիք հայտնեց թուրքագետը:
Թուրքական «Samanyoluhaber»-ի՝ քննարկվող 5 թեկնածուների մեջ ամանահավանականը համարվում է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Հավանական է համարվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի նշանակումը:
Մյուս երեք թեկնածուներն են Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ապրիլի 29-ին տեղի ունեցած ԱԶԿ նիստի ժամանակ կուսակցության գործադիր խորհուրդը կուսակցապետի օգնականին զրկել էր ԱԶԿ-ի նահանգային և շրջանային ենթակառույցների ղեկավարներ նշանակելու իրավունքից: Դա, ըստ էության, ավելի շատ նշանակում էր, որ նշյալ իրավունքից զրկվում է հենց ինքը՝ կուսակցապետ Ահմեթ Դավութօղլուն: Ընդ որում, հարցը օրակարգ էր բերվել 51 հոգանոց ժողովի 47 անդամի համատեղ ստորագրությունը կրող դիմումով:
Դավութօղլուն Էրդողանին մոտ կանգնած դեմքերից մեկն է և վարչապետի պաշտոնում է արդեն 21 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց