Լիբանանյան կողմին պարզաբանվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները
Հայաստանի և Լիբանանի միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն միջազգային ասպարեզում: Նման գնահատական է տվել Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպման ժամանակ:
Մկրտչյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը:
ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս համատեքստում քննարկվել են առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները:
Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը:
Լիբանանյան կողմին պարզաբանվել են Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: