Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». «Հայկական ժամանակ»
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի:
-Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա: Արդյոք այս անգամ նրան կհաջողվի որեւէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում: Խնդրում ենք մեկնաբանել նաեւ, թե որն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը:
-ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին:
Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որեւէ խոչընդոտ կամ բարդություն չկա:
Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան: Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ:
-Այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Որքանո՞վ դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին:
-Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է: Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձեւավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները:
Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ զենքի առեւտրի շուկան թեեւ Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում եւ ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: