Պարարտանյութերի ազդեցությամբ մարդու մոտ կարող է ընկճախտ սկսել
Հնդկական փոքրիկ Բադի գյուղում, որը գտնվում է Մադհյա-Փրադեշ նահանգում, ինքնասպանությունների ալիք է սկսվել. Տարվա սկզբից մինչ այժմ ինքնասպանությունների 80 դեպք է գրանցվել: Տեղի բնակիչները կատարվածը բացատրում են չար ոգիների գոյությամբ, բայց գիտնականները կարծում են, որ ողբերգությունը կապ ունի պարարտանյութերի օգտագործման հետ:
RT-ն փոխանցում է, որ Բադիում, որը համարվում է Հնդկաստանի ամենաաղքատ շրջաններից մեկը, վերջին տասը տարիների ընթացքում գրանցվել է կյանքից կամավոր հեռանալու 350 դեպք և դա այն դեպքում, որ ներկայումս գյուղի բնակչությունը կազմում է ընդամենը 2500 մարդ:
Գյուղի ղեկավարը կատարվածի մեջ մեղավոր համարում է չար ոգիներին: Իսկ պարարտանյութերի հետ կապված վարկածը, ըստ աղբյուրի, Times of India-ի հետ զրույցում ասել է հոգեբան Սրիկանտհ Ռեդդին: Նրա խոսքով, օրգանիզմի վրա քիմիական նյութերի ազդեցության հետևանքով մարդու մոտ կարող է ընկճախտ սկսել և նույնիսկ շիզոֆրենիա առաջանալ:
Մահվան համաճարակը կանխելու համար գյուղում արգելել են ալկոհոլային խմիք օգտագործել, բայց արդյունքում բնակիչները օղու համար գնացել են հարևան բնակավայր:
Աղբյուրը հիշեցնում է, որ ինքնասպանության մասսայական փորձեր գրանցվել էին Կանադայում 2015-ին: Այդ ժամանակ 100-ից ավելի բնակիչներ փորձել էին ինքնասպան լինել: Իշխանությունները այդ առիթով արտակարգ իրավիճակ էին հայտարարել: