Անվտանգայնացումը, Էրդողանի ուղին ու Դավութողլուի սկզբունքի վախճանը
ԵՄ-ը պահանջում է Թուրքիայից բարեփոխումներ իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում, Էրդողանը լրիվ հակառակն է անում: ԵՄ-ի առաջադրած պայմաններից մեկը Թուրքիայում գործող ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխումներն ու դրա համապատասխանեցումն է ժողովրդավարական չափանիշներին: Այսինքն` «ահաբեկչություն» հասկացության վերասահմանումը, ինչը չի հակասի ժողովրդավարական գործընթացներին: Թուրքիայում այս առումով տեղի է ունենում ամբողջովին հակառակ գործընթացը:
Էրդողանի գործուն միջամտությամբ երկրում «անվտանգայնացման» հարացույցի վերասահմանման բավական սահուն մի գործընթաց սկսվեց: Նախ, «ահաբեկչություն» հասկացության սահմանումն ավելի ընդլայնվեց` ներառելով երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներ: Այս միտումն ուժեղացավ հատկապես 2013թ. «Մեծ կաշառք» գործից հետո: Ակնհայտ էր, որ Էրդողանի համար թիվ մեկ խնդիրը սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման կամ այլ կերպ ասած` գործուն «երաշխիքների» ստեղծման կենսական պահանջի իրականացումն էր, ուստի առաջնայինը հենց «սեքյուրիտիզացիայի» վերախմբագրումն էր: Այս համատեքստում գլխավորը ահաբեկչություն հասկացության օրենսդրական ու ոչ ֆորմալ սահմանման ընդլայնում էր, ինչը հնարավորություն կտար ոչ միայն «վերահսկողության տակ» պահել հասարակական-քաղաքական գործընթացները, այլև` գործուն մեխանիզմների կիրառմամբ չեզոքացնել իր համար անբարենպաստ տարրերին:
Էրդողանն իր հրապարակային ելոջւյթներում և Ազգային անվտանգության խորհրդի նիստերում հճախակի է բարձրացրել ահաբեկչության դեմ պայքարի «վերաիմաստավորման» անհրաժեշտությունը: Հետևանքներին վերջին երեք տարիների ընթացքում հաճախակի ենք ականատես լինում` ահաբեկչության դեմ պայքարի «գործողությունների» շրջանակում լրատվամիջոցների փակում և վերահսկողություն, լրագրողների ձերբակալություններ, անցանկալի տարրերիչեզոքացում, խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրենսդրական նախաձեռնություն և այլն:
Սրանով նախ և առաջ Էրդողանն իր և իր քաղաքական ուժի հետագա կենսունակության ու անվտանգության երաշխիքների խնդիրն է լուծում:Եվ այս միտումը գնալով էլ ավելի է խորանալու:
Այս համատեքստում ուշագրավ մեկ դիտարկում կարելի է անել տեսության մակարդակում, որի առաջադրման և կենսագործման համար «ջանք» չէր խնայում վարչապետի պաշտոնին հարկադրաբար հրաժեշտ տվող Ա. Դավութօղլուն: Վերջինս իր հայտնի տեսության մեջ առաջադրել էր «անվտանգության և ժողովրդավարության միջև հավասարակշռության» սկզբունքը, ըստ որի երբեք մեկը չպետք է գերակայի մյուսին, այլ դրանք լինեն «հարմոնիկ» հավասարակշռության մեջ: Դավութօղլուն ասում էր, որ եթե երկրում ժողովրդավարությունը ստորադասվի անվտանգությանը կամ անվտանգությունն ապահովվի վերջինիս հաշվին, ապա երկիրը կգնա բռնատիրության միջոցով: Իսկ եթե ժողովրդավարություն գերակայություն ստանա անվտանգության նկատմամբ կամ ավելի ճիշտ` գործի «ժողովրդավարություն անվտանգության հաշվին բանաձևը, ապա երկիրը կհայտնվի քաոսի մեջ:
Կարող ենք միանշանակ փաստել, որ Դավութօղլուի տեսական սկզբունքը Թուրքիայում այդպես էլ չդարձավ իրականություն: Փոխարենը` Էրդողանը որդեգրեց «անվտանգություն ժողովրդավարության հաշվին» բանաձևի ուռճացված տարբերակը, որն էլ Թուրքիայի համար դեպի բռնատիրություն ուղի հարթեց:
Լևոն Հովսեփյան, թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը