Ամսական կտրվածքով հանրապետությունում բանջարեղենի գները նվազել են, մրգինը՝ աճել. ԱՎԾ
2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի 4.3-0.5% գնանկումը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.0% գնաճ, իսկ 2016թ. մարտի համեմատ` 4.3% գնանկում: 2016թ. ապրիլին մարտի համեմատ վարունգի գինը նվազել է 40.6%-ով, խառը կանաչեղենինը` 20.8%-ով, կանաչ սոխինը` 17.4%-ով, գլուխ սոխինը` 3.4%-ով, սմբուկինը՝ 2.9%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սնկի` 1.5%, բողկի՝ 3.0%, կարտոֆիլի՝ 7.8%, լոլիկի` 10.0%, կաղամբի`10.7%, կանաչ պղպեղի՝ 11.2%, գազարի՝ 12.2%, սխտորի` 13.1%, ճակնդեղի 23.5% գնաճ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ մրգի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 21.9% գնանկում, իսկ 2016թ. մարտի համեմատ`4.7% գնաճ: 2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 4.3%, մանդարինի՝ 4.9%, կիտրոնի` 5.6%, ընկույզի միջուկի՝ 5.8%, նարնջի՝ 6.7%, խնձորի` 9.6%, տանձի 11.7% գնաճ: Միաժամանակ, չորացրած մրգերի գինը նվազել է 1.1%-ով, խաղողինը՝ 0.9%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը