Կուտակային համակարգի մասնակիցները պետք է ստացած լինեն անհատական հաշվի մասին տեղեկատվություն
Կենսթաոշակային կուտակային համակարգի մասնակիցները յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 15-ը պետք է ստանան հաշվետվություն, որտեղ ներկայացված է նախորդ օրացուցային տարվա ընթացքում մասնակցի անհատական կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունը,-հայտնում է ԿՀԻԿ հիմնադրամը:
Հաշվետվությունը մասնակցին տրամադրվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ ըստ մասնակցի ընտրության: Համապատասխան ընտրությունը համակարգի մասնակիցը պետք է կատարի կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելիս: Հաշվետվությունը ստանալու էլեկտրոնային տարբերակն ընտրելու դեպքում հետագայում այլևս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Այն անձինք, ովքեր համակարգին միացել են նախորդ տարվա ընթացքում և առաջին հաշվետվությունը ստանալու եղանակի ընտրություն չեն կատարել, բոլոր դեպքերում կստանան այն՝ իրենց գրանցման հասցեով: Հետագա հաշվետվությունները ստանալու համար նրանք պետք է պարտադիր կերպով համապատասխան դիմում ներկայացնեն:
Քաղաքացիներն, ովքեր համապատասխան հաշվետվությունը չեն ստացել, կարող են պարզաբանումների համար դիմել 114 «Թեժ գիծ» ծառայությանը: