«Fitch»-ի կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ կայուն հեռանկարով
«Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը, նման վարկանիշի վերահաստատումը խոսում է Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի և բարձր հեղինակության մասին:
Նրա խոսքերով՝ «B պլյուս» վարկանիշը հնարավորություն կտա ավելի ամրապնդել դիրքերը օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում: «Այն հնարավորություն է տալիս ապացուցել, որ մենք հուսալի կազմակերպություն ենք»,- ասաց Գևորգ Թառումյանը:
«Fitch»–ը կարևորել է այն հանգամանքը, որ չնայած ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում` 14,8%), առևտրի ֆինանսավորման, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%):
Վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն` «Fitch»-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: Բացի այդ, Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 30 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին:
«Fitch»-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և Բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ