Լևոն Շիրինյան.Չենք կարո՞ղ մի անգամ թափով կպնել գործին
«Արցախի անկախությունն ազգային ազատագրական պայքարի դասական օրինակ է: Քսան թվերից մտցրել են Ադրբեջանի կազմի մեջ, մտցրել են, որ Ռուսաստանի նեղ ընկած վիճակում օգնեն, որ տաքանա՝ թուրքին քսի տալով: Դա էլ անում են, տեսնում եք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարությունների հարց է տալիս, թե ինչո՞ւ տարիներ շարունակ ապագաղութացման և գաղութատիրությունից ազատագրման վերաբերյալ ՄԱԿ բանաձևերի շրջանակներում այս հարցը չի քննարկվել:
«Ապագաղութացման վերաբերյալ բանաձև կա: Եթե դրվում է այս հարցը, նախկին գաղութատեր պետությունը ոչ միայն ագրեսիայի իրավունք չունի ազատագրված և ինքնորոշվող ժողովրդի հանդեպ, նաև նրան միջազգային պատժամիոջներ են հասնում: Ինչո՞ւ այս հարցը չեն տեղափոխում այս հարթություն»,- ասաց քաղաքագետը:
Նա նաև նշեց, որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չլիներ Ռուսաստանի չմիջամտությունը, հայկական զորքն առաջ էր գնալու, արդյունքնում խաղաղություն էր լինելու:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումները, Լ.Շիրինյանն ասաց, որ ապագան ցույց կտա ՝ կլինի խաղաղություն, թե ոչ:
«Մոնիտորինգի մեխանիզմներ չեն դրվելու: Եթե Ադրբեջանն ուզում է հարցը լուծել հարձակման միջոցով, ինչո՞ւ է մեխանիզմ դնում, որ իրեն խանգարի առաջ գնալ: Հիմա մի տարի էլ այս հարցով են կերակրելու, մի տարի էլ մեխանիզմ է դրվելու և չի լինելու: Իրենք չգիտեն, թե ի՞նչ է կատարվում և ուզում են տեսնե՞լ»,- ասաց Լ.Շիրինյանը:
Նա նաև նշեց. «Չենք կարո՞ղ մի անգամ թափով կպնել գործին: Չտեսանք, թե ինչ ուժ ունենք»: