Կամավորները կունենան աշխատանքի երաշխիքներ, օրինագիծն ընդունվեց
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկը: Կողմ քվեարկեց 106 պատգամավոր` նաև ընդդիմադիր խմբակցություններից:
Մինչև քվեարկությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ ներկայացված նախագծի մշակումը պայմանավորված է ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման հետևանքով և կամավորական հիմունքներով սահման մեկնող ու զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց լրացուցիչ աշխատանքային երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Ասատրյանի ներկայացմամբ, նախագծով, ապրիլի 1-ից հետո կամավորականների համար սահմանվում են լիարժեք երաշխիքներ` աշխատատեղի պահպանում և աշխատավարձի վճարման կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Բացի այդ, նախագծով նաև հետադարձ ուժ է տրվում, և այս իրավունքը տարածվում է ապրիլի մեկից հետո առաջացած հարաբերությունների վրա:
«Կան գործատուներ, ովքեր ազատել են մարտական գործողությունների գոտի մեկնած կամավոր իրենց աշխատողներին: Աշխատատեղի պահպանման երաշխիքը բոլոր կազմակերպությունների վրա է տարածվելու: Սա իրավական հիմք է, որով հստակ իրավական լուծում է տրվում և կամավորության տվյալ ժամանակահատվածում տվյալ անձինք ունենում են կարգավիճակ, համապատասխան երաշխիքներ»,-հայտարարեց Ասատրյանը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե գործատուներն արդարացիորեն փորձում էին հասկանալ, թե որտե՞ղ է երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, ի՞նչ է անհրածեշտ, ի՞նչ տեղեկանք է ներկայացվում:
Ի պատասխան Ասատրյանն արձագանքեց. «Խնդիրը քննարկել ենք և օրենքի նախագծում հստակ սահմանվում է, որ աշխատողը ազատվում է ՊՆ ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա: Այսինքն այստեղ կա լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք»: