Առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 31-ին
Beeline-ը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին կանցնակցնեն առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Best Western Congres հյուրանոցում և նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
Հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև 23-25 և 36-50 տարիքային խմբերի ավելի քան 350 մասնակիցների շրջանում անցկացված ֆոկուս խմբերի արդյունքում «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ն առանձնացրել է երեքական թեկնածու, կառույց և նախագիծ մրցանակաբաշխության 13 անվանակարգերից յուրաքանչյուրի համար:
Առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները կընտրվեն հետևյալ անվանակարգերում. Տարվա մամուլի քարտուղար, Տարվա PR իրադարձություն, Տարվա իմիջային PR, Տարվա հրապարակային գործիչ, Տարվա քաղաքական գործիչ, Տարվա մշակութային PR, Տարվա ֆինանսական PR, Տարվա ԶԼՄ, Տարվա ճգնաժամային կառավարում, Տարվա PR նախաձեռնություն, Տարվա պետական կառույց, Տարվա Հայաստանի բարեկամ, Հայկական բրենդ: Հաղթողները կընտրվեն մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամների կողմից (Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Ավետիսյան):
«Beeline-ը կարևորում է հանրային կապերի ոլորտի աջակցությունը, որն այսօր Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ և, ինչպես մենք ենք համոզվել մեր փորձով, առանցքային դեր ունի ցանկացած ընկերության հաջողության գործում: Վստահ եմ, որ որ մրցանակաբաշխության թեկնածուների համար ընտրվել են ոլորտի լավագույն ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ կդառնան հաջողության օրինակ և նոր որակ և չափանիշներ կսահմանեն հանրային կապերի ոլորտի մասնագետների համար, այդպիսով նպաստելով վերջինիս զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում PR արտահայտությունը նույնացվում է գովազդի, շուկայագիտության, կառավարման, ժուռնալիստիկայի հետ: PR-ն ընկալվում է իբրև բացասական երևույթ, տեղեկատվության ուռճացված, մտացածին պատկեր: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մասնագետ դառնում են այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն հանրային կապերի մասին, բնականաբար չունեն մասնագիտական հմտություններ, ինչն էլ հանգեցնում է ոչ գրագետ աշխատանքի: Մամուլի քարտուղարների և վարչության պետերի գործառութները հաճախ բախվում են, ինչն անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորում: Տարրական հաղորդակացական հմտություններ չունեցող մարդիկ, զբաղեցնում են տարատեսակ պաշտոններ, որոնք անմիջապես ապահովում են շփում ինչպես հասարակության, այնպես էլ ԶԼՄ-ի հետ: Հանրային կապերի հիմքում հաղորդակցությունն է, ինչն էլ նպաստում է հասարակության և կառույցի փոխշահավետ ու բարիդրացիական հարաբերությունների, դրական կերպարի ձևավորմանը, իսկ թափանցիկ և գրագետ աշխատաոճը վստահության մթնոլորտի գրավականն է», - նշել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:
Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը: