Նախիջևանի խնդրին երբեք միջազգային մակարդակով հետամուտ չեղան. նախիջևանագետ
«Մենք, իհարկե, դեմ չենք, որ Մինսկի խմբի շրջանակներում, Մադրիդյան սկզբունքներով լուծվի Ղարաբաղյան հարցը, սակայն այդ սկզբունքներում չկա որևէ բառ 660 հազար ադրբեջանահայ փախստականների իրավունքների մասին»,- այսօր Մոդուս վիվենդի կենտրոնում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ըստ նրա՝ այդ մարդկանց իրավունքները շրջանել են նաև հայկական իշխանությունները. «Այսօր ում իրավուքններն ասես պաշտպանում են, բայց այդ մարդկանց իրավունքները անտեսվում է: Մեր նախաձեռնությունը փորձում է այդ 660 հազար հայերի իրավունքների մասին բարձրաձայնել»:
Քննարկմանը ներկա նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանն էլ անդրադառնալով Նախիջևանի հարցին՝ ասաց, որ արցախյան շարժման սկզբնական շրջանում Նախիջևանի խնդիրը շոշափվում էր, սակայն դրանից հետո Հայաստանի իշխանությունների համար այդ հարցը դադարեց գոյություն ունենալ։
«Երբեք Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով հետամուտ չեղավ, որ դատապարտի այդ վանդալական քաղաքականությունը»,-ասաց նա:
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով էլ, որ իրենց նպատակն է փախստականների հարցը բարձրացնել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մինչև հասարակությունը հարցը չի բարձացնում, պետությունն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում. «Խոսքն այն չէ, որ այդ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրեր, այլ որ ճանաչվի իրենց իրավունքը»:
Քննարկմանը ներկայացվեց նաև Մոդուս վիվենդի կենտրոնի կողմից օրերս հրատարակած ադրբեջանցի գրող, ներկայումս տնային կալանքում գտնվող, Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը, որում հեղինակն անդրադարձել է Սումգայիթի (1980թ.) և Բաքվի (1990թ.) հայոց ջարդերին, ինչպես նաև հայոց Ագուլիսին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը