Իրանի Մեջլիսի ժամանակավոր նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին
Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ժամանակավոր նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին,-հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության Մեջլիսի նախագահության համար հիմնական պայքարն ընթացել է Մեջլիսի ներկա նախագահ Ալի Լարիջանիի և բարեփոխականների ցուցակը գլխավորող Մոհամմադ Ռեզա Արեֆի միջև:
Քվերարկության արդյունքում Ալի Լարիջանին ստացել է 173, իսկ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ 103 քվե:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքիանը 154 ձայնով ընտրվել է Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, իսկ երկրորդ տեղակալ է ընտրվել Մոհամմադ Դեհղանին՝ 136 ձայնով:
Համաձայն ԻԻՀ Մեջլիսի ներքին կանոնակարգի՝ Մեջլիսի նախագահն ու նախագահության անդամները սկզբում ընտրվում են ժամանակավոր: Երդմնակալության արարողությունից, ինչպես նաև պատգամավորների երկու երրորդի վստահությունը ստանալուց հետո, նոր անցկացվում են Մեջլիսի մշտական նախագահության ընտրություններ:
Բացի այդ՝ Իրանի Մեջլիսն ամեն տարի մեջլիսի նախագահության ընտրություններ է անցկացնում:
Փետրվարի 26-ին Իրանում տեղի ունեցած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների արդյունքների համաձայն՝ 290 անդամ ունեցող Իրանի խորհրդարանն ըստ քաղաքական ուժերի ներկայացվածության՝ հետևյալ պատկերն է ստացել՝
Բարեփոխականներ՝ 117 մանդատ
Պահպանողականներ՝ 94 մանդատ
Անկախ թեկնածուներ՝ 74 մանդատ
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 5 մանդատ
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը, որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Որպես իրանահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Իրանի խորհրդարան են անցել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը