Հիշատակ Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրատիոս զինվորի
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը:
Qahana.am-ում գրված է, որ Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:
Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ, ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին, Կոտրիատիոսը եւս գլխատվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը